Մենյու

Հետևեք մեզ

      

Վրաստանում կարագացվի հողերի գրանցման գործընթացը

10:11 - 18 Ապրիլ 2022 hits 2066
Լուսանկարում՝ Հանրային ռեգիստրի աշխատակիցներն ու հողերի գրանցման համար մոբիլիզացված տեխնիկան
Լուրեր
Լուսանկարում՝ Հանրային ռեգիստրի աշխատակիցներն ու հողերի գրանցման համար մոբիլիզացված տեխնիկան

Վրաստանում մեկնարկել է հողերի համակարգային գրանցումը: Հողերի համակարգային գրանցումը սկսվել է Կախեթիի տարածաշրջանից, որտեղ գտնվել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Վարչապետի հայտարարությամբ՝ կառավարությունը որոշում է կայացրել երկրում արագացնել հողերի գրանցման գործընթացը:

Հողային բարեփոխման ծրագիրը կիրականացվի 3 տարվա ընթացքում՝ ողջ Վրաստանի տարածքում՝ բացառությամբ ինքնակառավարվող քաղաքների և օկուպացված տարածքների։ Այն ներառում է 59 մունիցիպալիտետ, երկրի ավելի քան 1000 վարչական միավոր և ավելի քան 4000 բնակավայր։

Վարչապետի խոսքով, 3 տարվա ընթացքում չափագրվելու և հաշվառվելու է 1 միլիոն 200 հազար հա չգրանցված հողատարածք՝ ինչպես սեփականություն հանդիսացող և օգտագործման իրավունքով տնօրինության տակ գտնվող, այնպես էլ ինքնակամ զբաղեցրած հողատարածքները: Նրա խոսքով, կհստակեցվեն նաև արդեն գրանցված տվյալները։

Հողերի համակարգային գրանցումը քաղաքացիների համար կլինի լրիվ անվճար: Նախագիծը կիրականացնի Արդարադատության նախարարությունը՝ Հանրային ռեգիստրի ազգային գործակալության միջոցով։ Քաղաքացիները հողերի գրանցման համար գրասենյակներ գնալու կարիք չեն ունենա, հանրային ռեգիստրի աշխատակիցները իրենք կժամանեն բնակավայրեր և կիրականացնեն համապատասխան աշխատանքները:  

Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը աշխատանքներն իրականացնելու համար ձեռք է բերել 174 արտաճանապարհային մեքենա, 233 GPS ռովեր և 233 պլանշետ։

Ըստ գործակալության ղեկավար Օլեգ Թորթլաձեի, նորագույն տեխնոլոգիաները և գրանցման էլեկտրոնային գործընթացը գործնականում բացառելու է հողերի սխալ գրանցումը: Հողերի գրանցման համակարգային գրանցման գործընթացում ներգրավված կլինեն Հանրային ռեգիստրի ավելի քան 1000 աշխատակից: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 120 մլն լարի:

Համակարգային գրանցման շրջանակներում քաղաքացիները անվճար կարող են օգտվել հետևյալ ծառայություններից՝

  • Հողամասերի կադաստրային պլանավորման/չափագրման աշխատանքներ,
  • Իրավունքը հաստատող փաստաթղթերի որոնում և համակարգում,
  • Գործարքի կողմերի ստորագրությունների վավերացում,
  • Նոտարական միջնորդություն,
  • Հողամասի սեփականության իրավունքի ճանաչում,
  • Փաստերի շարադրում,
  • Հողամասի գտնվելու վայրի, իրավունքը հավաստող փաստաթղթի հետ նույնականացման հաստատում,
  • Հողամասի սեփականության և դրա փոփոխությունների գրանցում։

Ըստ Հանրային ռեգիստրի ազգային գործակալության, կադաստրային աշխատանքների մեկնարկի կարգը որոշվել է հետևյալ չափորոշիչներով՝ գրանցված տարածքների քանակը, գրանցման ենթակա հողամասերի քանակը, բնակչության քանակը, աշխարհագրական դիրքը, կլիմայական պայմանները։ Գործակալության տեղեկատվությամբ՝ այսօրվա դրությամբ Վրաստանում հողերի 1/3-ը գրանցված չէ։

Հողերի անվճար գրանցման ժամանակացույցի մասին ավելի մանրամասն նյութում՝ Հայտնի է հողերի անվճար գրանցման ժամանակացույցը ըստ մունիցիպալիտետների

Mtisambebi.ge

«Մթիս ամբեբի»-ն անկախ առցանց լրատվական հրատարակություն է: Կայքը կառավարվում է տեղեկատվական կենտրոնների ցանցի կողմից

Ետ