Մենյու

Հետևեք մեզ

      

Սվանուհիների ձեռնարկությունը՝ հանուն հնագույն սվանական ավանդույթների պահպանության

11:58 - 05 Նոյեմբեր 2021 hits 239

«Սվանական աղն այնքան պահանջված է ու դրա արտադրությունն այնքան է պարզեցվել, որ դրանից միայն անունն է պահպանվել։ Ինչպես նաև սվանական գլխարկը, 10 գյուղ ընդգրկող Լատալի համայնքում միայն մեկ մարդ կա, ով սվանական գլխարկ է պատրաստում։ Դրանք հիմնականում ներկրվում են Թբիլիսիից և վաճառվում այստեղ, այն նույնիսկ նման չէ սվանական գլխարկին։ Սվանական օճառ պատրաստելու ավանդույթը նույնպես վերանալու եզրին է։ Մենք միշտ անհանգստանում էինք, բայց այս խնդիրների լուծման համար քայլեր չէինք ձեռնարկում։ Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ գտանք իրար հետ այս խնդիրների մասին  խոսելու և կիսվեցինք գաղափարներով», - «Լատլիիշդ»- այսպես է կոչվում է Մադոննայի, Նանոյի, Թամթայի, Նինոյի և Մզիանայի կողմից Սվանեթիի Լատալի գյուղում հիմնած սոցիալական ձեռնարկությունը, որը մի քանի օր առաջ է սկսել աշխատել։

Մադոննան, Նանոն և Մզիանան որակավորված ուսուցիչներ են Լատալիի հանրային դպրոցում: Թամթան կազմակերպություններից մեկի հաշվապահ է, Նինոն՝ գյուղապետի ներկայացուցչի օգնականը։

Նախքան համաճարակը Մադոննան նաև մենեջեր էր աշխատում Մեստիայի կենտրոնում գտնվող «Լիլե» ռեստորանում։ «Լիլեն» սիրված էր վրացի և արտասահմանցի այցելուների կողմից և հայտնի՝ իր սվանական համեղ ուտեստներով, կենդանի երաժշտությամբ և լավ սպասարկումով։

«Այնքան էին հյուրերը, որ ռեստորանում տեղ չունեինք։ Այդ փոքրիկ օբյեկտում 20 մարդ էինք աշխատում։ Կորոնավիրուսի տարածումից հետո սահմանափակումներ մտցվեցին, սահմանները փակվեցին, ճանապարհորդություններն արգելվեցին և այլն, ռեստորանը անցավ առաքման ծառայության։ Պատվերները շատ կրճատվեցին և 20 հոգուց միայն 2 աշխատող՝ միայն խոհարարները մնացին աշխատանքի»,- ասում է Մադոննան։

Համաճարակի հետևանքով բազմաթիվ կանայք անգործ մնացին։ Լատալում ապրող կանայք հիմնականում խոհարար, կամ հավաքարար էին աշխատում Մեստիայի հյուրանոցներում և ռեստորաններում։

Վիճակագրության համաձայն՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով Մեստիայի մունիցիպալիտետում ավելի քան 1000 մարդ է զրկվել աշխատանքից, մեկ տարով փակվել է շուրջ 300 հյուրատուն։

«Շատ գործազուրկ կանայք ապրում են առօրյա կյանքով, ինչն էլ ավելի է հեռացնում նրանց սոցիալական գործընթացներից։ Նրանք դառնում են ավելի անինքնավստահ։ Սվանեթիում չկա մի ձեռնարկություն, որտեղ կանայք կարողանային սովորել ձեռագործություն, ստեղծել ավանդական ապրանքներ, որոնք որակի առումով կմրցեն այլ վայրերում պատրաստված ապրանքների հետ»,- Մադոննայի խոսքով, հենց սա է սվանուհիների հիմնադրած սոցիալական ձեռնարկության նպատակը՝ Սվանեթիում դեռևս պահպանված ավանդական տեխնոլոգիաների և փորձի պահպանություն, կայուն զարգացման խթանում և գյուղաբնակ կանանց ներգրավածություն։

Սվանական գլխարկի և սվանական աղի պատրաստման ավանդական եղանակը 2015 թվականից ոչ նյութական մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ ունի։ Այս տարի ապրիլին հուշարձան է ճանաչվել նաև սվանական օճառ պատրաստելու ավանդույթը։ Հուշարձանի կարգավիճակ շնորհելով՝ պետության ուղերձն այն էր, որ հանրային այս փորձը պաշտպանության և աջակցության կարիք ունի։

Հենց այս ժամանակահատվածում ԵՄ ENPARD ծրագրի աջակցությամբ Զեմո Սվանեթում հայտարարվեց տնտեսական զարգացման դրամաշնորհային մրցույթ։ «Լատլիիշդ» կազմակերպությունը շահեց 35 հազար լարիի չափով դրամաշնորհ։ Սոցիալական ձեռնարկության համար աշխատանքային տարածք տրամադրեց Մեստիայի և Զեմո Սվանեթիի թեմը։

Սվանական աղ ու գլխարկներ պատրաստելու համար ձեռնարկությունը հումքը ձեռք է բերում տեղում, բնական օճառի պատրաստման համար անհրաժեշտ փայտի թափոնները հավաքում են վերամշակման արտադրամասերից, որոնք նախկինում թափվում էին ձեռներեցների կողմից։

Սվանեթում օճառը պատրաստում էին հնագույն ժամանակներից և օգտագործվում էր ինչպես լվացքի, այնպես էլ լողանալու համար։ Սվանական օճառ պատրաստելու համար անհրաժեշտ է միայն մոխիր և խոզի, կամ տավարի ճարպ: Ներկայումս Սվանեթիում տնական օճառը հազվադեպ է պատրաստվում, հիմնականում այն ​​ընտանիքներում, որտեղ ապրում են տարեց կանայք: Նրանք կարծում են, որ այս կերպ պատրաստված օճառը թեփի և մազաթափության դեմ պայքարելու և ախտահանման լավագույն միջոցն է։

«Լատլիիշդ»-ը թույլ է տալիս Մեստիայի բոլոր 17 համայնքներում ապրող կանանց ձեռագործություն սովորել։ Ավելին, Զեմո Սվանեթիում հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով ձեռնարկությունը սեփական ավտոմեքենայով հնարավորին չափ կօգնի ձեռագործություն սովորել ցանկացող կանանց։

Հենց սոցիալական ձեռնարկությունը սկսի ապրանքը վաճառել ու եկամուտ ստանալ, նրանք պատրաստվում են բնակչությունից հին շորեր վերցնել ու դրանցով հնաոճ գորգեր կարել։

Mtisambebi.ge

«Մթիս ամբեբի»-ն անկախ առցանց լրատվական հրատարակություն է: Կայքը կառավարվում է տեղեկատվական կենտրոնների ցանցի կողմից

Ետ