Մենյու

Հետևեք մեզ

      

Երբ կփոխանցվի ֆերմերներին 300 լարիի օգնությունը

16:26 - 27 Ապրիլ 2022 hits 1254

Վրաստանի շրջաններում արդեն սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները, իսկ գյուղացիների մի մասը աշխատանքները հետաձգում է կառավարության կողմից խոստացված 300 լարիի սուբսիդավորմանը սպասելու պատճառով: Փոքր ֆերմերներին հողերի մշակման համար աջակցության պետական ծրագիրը սահմանող կառավարության որոշումն արդեն ուժի մեջ է, սակայն գյուղատնտեսության նախարարությունից հստակ ժամկետներ չեն ասում, թե գումարը երբ կփոխանցվի ագրոքարտերին, որով գյուղացիները հատուկ խանութներից կկարողանան գյուղատնտեսական ապրանքներ ձեռք բերել:

Գյուղատնտեսության նախարարության Գյուղի զարգացման գործակալությունից «Մթիս Ամբեբիին» հայտնեցին, որ այս պահին հանրային ռեգիստրում ընթանում է տվյալների թարմացում:

«Բալերը կփոխանցվեն այն բանից հետո, երբ Հանրային ռեգիստրը մեզ կտրամադրի տվյալներ այն մարդկանց մասին, որոնք ունեն գրանցված հողեր և կառավարության որոշման համաձայն հանդիսանում են շահառու՝ այսինքն 0,25-ից 1,25 հա հողամասերի սեփականատերերը/համասեփականատերերը, որից հետո նոր միայն կփոխանցվի համապատասխան գումարը:

Սա մոտավորապես տեղի կունենա մայիս ամսին, հստակ ամսաթիվ չենք կարող ասել»:

Ինչպես հայտնեցին գործակալությունից՝ ագրոքարտերին բալերի փոխանցումն ու դրանցով գնումների կատարումը, եթե այս տարիներին տվյալները չեն փոփոխվել, տեղի կունենա նույն սկզբունքով, որը գործում էր նախորդ տարիներին:

Այս տարի ևս գործընթացում ներգրավված կլինի «Լիբերթի Բանկը», որտեղից էլ այն քաղաքացիները, որոնք չունեն ագրոքարտեր, կամ դրանց ժամկետները անցել են՝ կկարողանան նորերը ստանալ: Իսկ այն քաղաքացիները, որոնց ագրոքարտերը ակտիվ են և ժամկետները չեն անցել՝ կկարողանան առանց խնդրի օգտագործել հին ագրոքարտերը:  

Ագրոքարտերին փոխանցված բալերի օգտագործման վերջնաժամկետը 2022 թվականի նոյեմբերի 30-ն է:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ապրիլի 18-ի կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ կառավարությունը սկսում է գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատերերին աջակցելու պետական ​​ծրագիր, որի շրջանակներում փոքր ֆերմերները սուբսիդիաներ կստանան իրենց հողերը մշակելու համար։

Գյուղատնտեսական նշանակության հողերի սուբսիդավորման չափը սահմանվել է 1 հեկտարի համար 300 լարի, այսինքն՝ սուբսիդիա կստանան 0,25 հա-ից 1,25 հա հողատերերը, համասեփականատերերը։ Օրինակ 0,25 հա-ի դեպքում ֆերմերը կստանա 75 լարի, 1,25 հա-ի դեպքում՝ 375 լարի:  

Այս սուբսիդիան/օգնությունը շահառուին կփոխանցվի հատուկ ագրոքարտի միջոցով՝ միավորների տեսքով: Այն կարող է օգտագործվել միայն գյուղատնտեսական գործունեության համար անհրաժեշտ ապրանքներ (պարարտանյութեր, թունաքիմիկատներ և այլն) ձեռք բերելու համար։ Ծրագիրը վերաբերում է շուրջ 300 հազար ֆերմերի, բյուջեն կազմում է 35 մլն լարի։

Mtisambebi.ge

«Մթիս ամբեբի»-ն անկախ առցանց լրատվական հրատարակություն է: Կայքը կառավարվում է տեղեկատվական կենտրոնների ցանցի կողմից

Ետ