Մենյու

Հետևեք մեզ

      

Դպրոցներում աշակերտների դիագնոստիկ գնահատում կանցկացվի

14:49 - 22 Ապրիլ 2022 hits 1003

Վրաստանի Կրթության և գիտության նախարարության Ընդհանուր կրթության բարեփոխման խումբը երկրի բոլոր դպրոցներում աշակերտների դիագնոստիկ գնահատման համար թեստավորում կանցկացնի: Ըստ բարեփոխման խմբի՝ ուսուցման / ուսումնառության գործընթացում կարևոր դեր է կատարում դիագնոստիկ գնահատումը, որը վերլուծում է աշակերտների կրթական կարիքները և պլանավորում համապատասխան գործողություններ՝ նպաստելու նրանց առաջընթացին:

Դիագնոստիկ գնահատումը յուրաքանչյուր դպրոց պետք է իրականացնի ինքնուրույն և գործընթացում ներգրավված կլինեն ուսուցիչներն ու IV-IX դասարանների աշակերտները:

Նշվում է, որ դիագնոստիկ գնահատումը չի ազդի աշակերտի գնահատականի վրա և այն ունի միայն աշակերտի զարգացման գնահատման գործառույթ։ Հետևաբար, այն չի հանդիսանում քննություն կամ թեստ, որի շրջանակներում աշակերտը գնահատվում է բալով:

Դիագնոստիկ թեստավորումն անցկացնելու կոնկրետ ժամկետներ չեն սահմանվել, քանի որ դպրոցները իրենք են կազմակերպելու այդ գործընթացը:

Ինչ վերաբերում է թեստին մասնակցելու աշակերտի կամ ծնողի ցանկությանը, ապա աշակերտը այս հարցում սահմանափակված չէ և իրավունք ունի հրաժարվելու թեստավորումից: Սակայն, ըստ մասնագետների, սա հետաքրքիր գործընթաց է ծնողների համար և նրանք իրավունք կունենան դպրոցից պահանջել իրենց երեխայի արդյունքները: Այսպես ծնողները նույնպես կտեղեկանան, թե ինչ դժվարությունների է իրենց երեխան հանդիպում ուսումնական գործընթացում և ինչ խնդիրներ ունի:

Ստորև ներկայացնում ենք Ընդհանուր կրթության բարեփոխման խմբի փորձագետների պատասխանները՝ ծնողների կողմից հաճախ տրված հարցերին.

Ի՞նչ է դիագնոստիկ գնահատումը

Դիագնոստիկ գնահատումը աշակերտի ձեռքբերումների և կարիքների նկարագրությունն է, ինչպես նաև համաճարակի հետևանքով առաջացած կրթական կորուստների ուսումնասիրությունը:

Կարո՞ղ է սա համարվել թեստավորում / քննություն և կարո՞ղ է դրա արդյունքները ազդել աշակերտի կիսամյակային գնահատականի վրա:

Սա քննություն, կամ թեստավորում չէ և դրա հիման վրա գնահատական ​​չի դրվում: Դիագնոստիկ գնահատումը չի ազդի աշակերտի առաջադիմության գնահատականի վրա, այն ունի միայն աշակերտի զարգացումն ուսումնասիրող գործառույթ:

Սա կոմպլեքսային բնույթի հանձնարարություն է, որը բոլոր առարկաների ուսուցիչները (բացառությամբ երկրորդ օտար լեզուների և համակարգչային տեխնիկայի) կանցկացնեն իրենց աշակերտների համար՝ վերլուծելու նրանց կրթական կարիքները և պլանավորելու համապատասխան գործողություններ՝ նպաստելու աշակերտների առաջընթացին:

Ո՞վ է անցկացնելու դիագնոստիկ գնահատումը

Դիագնոստիկ գնահատումը կիրականացվի անհատական ​​կարգով բոլոր ուսուցիչների կողմից, որին կմասնակցեն IV-IX դասարանների աշակերտները:

Mtisambebi.ge

«Մթիս ամբեբի»-ն անկախ առցանց լրատվական հրատարակություն է: Կայքը կառավարվում է տեղեկատվական կենտրոնների ցանցի կողմից

Ետ