Մենյու

Հետևեք մեզ

      

Բողոքի ակցիա Ախալքալաքում․ բնակիչները պահանջում են բացել ձյան հետևանքով փակված ճանապարհը

13:23 - 25 Մարտ 2022 hits 1689
Բողոքի ակցիա Ախալքալաքի քաղաքապետարանի դիմաց։
Լուրեր
Բողոքի ակցիա Ախալքալաքի քաղաքապետարանի դիմաց։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Օլավերդ գյուղի բնակիչները Ախալքալաքի քաղաքապետարան հասնելու համար ոտքով 14 կիլոմետր են անցել ու պահանջել են մաքրել գյուղ տանող ճանապարհը։

Տեղական Jnews լրատվականի փոխանցմամբ՝ Օլավերդ տանող ճանապարհը փակ է եղել 6 օրով, այն պատճառով, որ տեղական իշխանությունը ձյունից չի մաքրել։

«Մյուս գյուղերի համար տեխնիկա ունեն, մեզ համար՝ ոչ։ 6 օր է ճանապարհ չեն բացում, հիվանդներ ունենք, մահանում են»։

«Ընտրությունների ժամանակ գալիս ու ձայն են ուզում, իսկ այսօր ճանապարհ չունենք»։

«Հայրս շտապ սրտի վիրահատության կարիք ունի։ Նրան պետք է հիվանդանոց տանել, բայց ճանապարհ չկա։ Երբ զանգահարեցի թեժ գիծ, ​​ինձ ասացին, որ տեխնիկան աշխատում է: Ես կանգնած էի ճանապարհի վրա, տեխնիկա չկա, իսկ ինձ ստում են, թե Ծալկայից ու Թբիլիսիից տեխնիկա է գալիս։ Որտե՞ղ է։

Եթե վաղը հորս հետ ինչ-որ բան պատահի, նրանք պատասխան կտա՞ն»,- մեջբերում է Jnews-ը քաղաքացիներից մեկին,որոնք երեկ 3 ժամ քայլել են քաղաքապետարան հասնելու համար։

Jnews-ի փոխանցմամբ՝ Օլավերդի բնակիչներին դիմավորել են քաղաքապետ Մելքոն Մակարյանը, փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն և Ախալքալաքի սպասարկման կենտրոնի ղեկավար Մխիթար Ռստակյանը։ Քաղաքապետի խոսքով՝ ինքը մի քանի օր է չի քնում ու անձամբ է վերահսկում ճանապարհների մաքրման աշխատանքները, ինչպես նաև տեղյակ է Օլավերդ գյուղում տիրող իրավիճակին։ Մելքոն Մակարյանը քաղաքացիներին խոստացել է, որ օրվա ընթացքում տեխնիկա կուղարկի ճանապարհը մաքրելու համար։

«Ռեգինֆոն» փորձել է կապ հաստատել փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեի հետ՝ պարզելու, թե արդյոք մաքրվել է Օլավերդ տանող ճանապարհը, սակայն վերջինս չի պատասխանում հեռախոսազանգերին։

Ձյան և բքի հետևանքով Ջավախեթիի բազմաթիվ գյուղեր տանող ճանապարհներ են փակվել։ Օլավերդ գյուղը գտնվում է Ախալքալաքից 14 կիլոմետր հեռավորության վրա, ծովի մակարդակից 1940 մետր բարձրության վրա։ Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղում բնակվում է 694 մարդ։

Mtisambebi.ge

«Մթիս ամբեբի»-ն անկախ առցանց լրատվական հրատարակություն է: Կայքը կառավարվում է տեղեկատվական կենտրոնների ցանցի կողմից

Ետ